AM
11 Նոյեմբեր 2011 - 10:25 AMT

Արթուր Ղազարյան. Բնապահպանության նախարարությունը միայն վնասում է բնությանը

ՀՀ ամբողջ հանքահումքը անխնա իրացվում է, արտահանվում, արդյունքում ստացված շահույթը մտնում է առանձին ընտանիքների գրպանները, իսկ պետությանը մնում են միայն թափոնները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը. «Բացահայտ հանցագործություն է կատարվում` օրենքով սահմանված կարգով, քանի որ հանքարդյունաբերության թափոնների համար հարկ չեն վճարում»:

Նա նշեց, որ դրա պատճառն այն է, որ բոլոր բարձր պաշտոններ զբաղեցնողներն էլ հանքեր ունեն և մշակում ու ընդունում են իրենց ձեռնտու օրենքներ:

«Ոչ միայն հանքահորերն են վտանգավոր, այլ գետերը լցվող պոչհանքը, հանքարդյունաբերության չվերահսկվող թափոնները: ՀՀ քաղաքացին ոչ միայն թալանվում է, այլև զրկված է ապրելու իրավունքից»,- ասաց Սանասարյանը:

Եթե Հայաստանի 470 հանքերը պետբյուջե վճարեն տնտեսական վնասի վճարը, որը հիմա չի արվում, ապա ՀՀ բյուջեն մի քանի անգամ կբազմապատկվի:

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ կառավարության որորշումների գերակա մասը բխում է ոչ թե ժողովուրդի, այլ հանքարդյունաբերողների շահերից: Որպես միակ ելք նա առաջարկում է ամբողջովին փոխել կառավարության կազմը. «Եթե բնապահպանության նախարարությունն ընդհանրապես չգործի, մեր բնությունը միայն կշահի, քանի որ այն միայն վնասում է բնությանը»: