AM
14 Նոյեմբեր 2011 - 15:24 AMT

Տարոն Մարգարյանն առաջարկել է չկայացած համատիրությունները ներառել մեծ համատիրությունների կազմում

Ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ընդհանուր պատկերը, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը զեկուցել է, որ հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ վարչական շրջանները բարելավել են իրենց ցուցանիշները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը անդրադառնալով վարչական շրջանների աշխատանքի գնահատման մեխանիզմներին, առաջարկել է կիսամյակի կտրվածքով լավագույն ցուցանիշներ արձանագրած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար խրախուսման մեխանիզմներ կիրառել, ինչը լավ աշխատանքի խթան կհանդիսանա նաև մյուսների համար:

Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է մշտապես ուշադրության տակ պահել սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության և շինբարեկարգման աշխատանքները և հետևողական լինել ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտին, Տարոն Մարգարյանը վկայակոչելով լրատվամիջոցներում տեղ գտած որոշ հրապարակումներ, հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել` դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում դրամահավաքության երևույթը բացառելու համար, իսկ նման երևույթներ հայտնաբերելու դեպքում տնօրենների նկատմամբ խիստ միջոցներ կիրառել:

Համատիրությունների հետ աշխատանքի մասով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն առաջարկել է դիտարկել համատիրությունների խոշարացման մոդելը` անգործունյա և չկայացած համատիրությունները ներառելով ավելի մեծ համատիրությունների կազմում, ինչն ավելի արդյունավետ և հասցեական կդարձնի կառավարումն ու ծառայությունների մատուցումը: