AM
15 Նոյեմբեր 2011 - 05:53 AMT

Արդյո՞ք Սյունիքի մարզպետին պաշտոնանկ կանեն գործարար կնոջը ծեծելու համար

Մամուլում շրջանառվում է մի միջադեպի պատմություն. երեկ երեկոյան «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի է ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին: Հիշեցնենք, որ օրերս մամուլի ասուլիսում գործարարը մեղադրանքներ էր հնչեցրել նրա և ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին. ըստ Խաչատրյանի, Սյունիքի մարզպետը գործարարին պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքից գողացել էր միլիոնավոր սարքավորումներ: Ի վերջո, գործարարի պնդմամբ՝ անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից:

Ըստ ականատեսների, Սուրեն Խաչատրյանը մտնելով «Մարիոթ» հյուրանոց և նախասրահում տեսնելով Սիլվա Համբարձումյանին՝ մոտեցել է, ոտքով հարվածել վերջինիս փորին, ապա հարձակվելով հանկարծակիի եկած կնոջ վրա՝ հարվածների տեղատարափ է տեղացել: Սիլվա Համբարձումյանն այս փաստի առիթով դիմել է ոստիկանապետին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, տվյալ սրահում տեսանկարահանող սարքեր կան փակցված, որոնք արձանագրել են մարզպետի գործողությունները: Ականատեսները նշում են, որ մարզպետին մի կողմ են քաշել դեպքի վայրում այդ պահին գտնվող ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, Արարատ-Հայաթի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, ինչպես նաև, ըստ նախնական տվյալների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

Ինչպես նշում են հայկական ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ սա կարող է հիմք հանդիսանալ մարզպետի պաշտոնանկության համար, ինչի մասին վերջին շաբաթներին առանց այդ էլ լուրեր են շրջանառվում: