AM
16 Նոյեմբեր 2011 - 05:27 AMT

Տուգանե՞լ, թե՝ ոչ. Կանգառի առեղծվածը

Ո՞րն է համարվում կանգառ հասարակական տրանսպորտի համար։ Այս հարցի շուրջ ամեն օր վիճում են Խանջյան փողոցով անցնող երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներն ու նրանց ուղևորները։ Հարցը նրանում է, որ Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկ չհասած՝ «Սայաթ-Նովա» համալիրի հարևանությամբ, կա կանգառի նշան (ճիշտ է, ամբողջովին հայտարարություններով պատված է, բայց կա), սակայն չկան գծանշաններ, տաղավար, ռետինե սահմանագծեր։ Վարորդներն ասում են՝ «կանգառ չկա, եթե կանգնեմ, կտուգանեն», իսկ ուղևորներն էլ՝ «կանգառի նշանը կա, ուրեմն կանգառ է»։

Ավելին, այդ հատվածում միշտ ավտոմեքենաներ են կայանվում, այն էլ ոչ թե փողոցին զուգահեռ, այլ թեքությամբ։ Սա երթուղայինների ու ավտոբուսների համար հսկայական խոչընդոտներ է ստեղծում, իսկ եթե ուղևորների հորդորներին անսալով միաժամանակ մի քանիսն են կանգ առնում, խցանվում է երթևեկությունը։

PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց պարզել՝ ի վերջո որն է կոչվում կանգառ և ով է մեղավորը։ Կանգառասրահներում կանգառանշանների սարքինության և մաքրության համար պատասխանատվությունը կրող «Երևանտրանս» ՓԲԸ-ից հայտնեցին, որ կանգառը պետք է պարտադիր ունենա ճանապարհային հատուկ նշան ու գծանշաններ, այլապես թերի է։

Առանց կանգառասրահների կանգառների նշանների մի մասը, որպես ճանապարհային նշաններ, պատկանում են ոստիկանությանը։ Արմեն Մալխասյանը՝ ոստիկանության մամլո խոսնակի օգնականը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ «եթե կանգառի նշան կա, միանշանակ կանգառ է»։ Իսկ ի՞նչ անել կայանված մեքենաների հետ հարցին նա պատասխանեց՝ «տուգանել»։

Իսկ ինչո՞ւ չեն տուգանում։ Խանջյանը դժվարանում եմ համարել խուլ փողոց, և, հավանաբար, օրական տասնյակ ՃՈ մեքենաներ են այդ մասով անցնում։ Գուցե՞ նրանք էլ չգիտեն, որ եթե կանգառանշան է, ուրեմն կանգառ է, իսկ եթե կանգառ է, մեքենա կայանելն արգելվում է…