Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի շրջանակներում բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Կյանքն առանց բռնության» խորագրով ցուցահանդես է կազմակերպել: Կազմակերպիչները հայտնում են, որ ցուցահանդեսը կազմակերպելու նպատակով երեխաների խնամքի և պաշտպանության 4 գիշերօթիկ հաստատություններում և երևանյան ու մարզային հանրակրթական 37 դպրոցներում նկարների մրցույթ էր հայտարարվել: Մրցույթին մասնակցել են տարբեր տարիքի երեխաներ, պատրաստած պաստառների միջոցով երեխաներն իրենց բողոքն են արտահայտում բռնության երևույթների նկատմամբ: Երեխաների նկարները վառ կերպով արտահայտում են ապահով և երջանիկ աշխարհ կառուցելու նրանց կամքը և ցանկությունը:
Ցուցահանդեսը նպատակ ունի հասարակությանը ներկայացնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարի կարևորությունն ու անհրաժեշտությունը: «Երեխաների ուղերձը մեզանից յուրաքանչյուրին է վերաբերում, այն կոչ է անում պաշտպանել ու ապահովել երեխաների իրավունքներին առնչվող օրենքները»,- հայտնում են Վորլդ Վիժնի հայաստանյան գրասենյակից:
«Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» ծրագրի կարևորագույն նպատակներից է ապահովել երեխաների իրավունքների պաշտպանությունը թե´ տանը, թե´ դպրոցում և թե´ հաստատությունում:





