AM
21 Նոյեմբեր 2011 - 11:51 AMT

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ ուսանողների համար

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաև կնպաստի Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող «Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականության» մասին զեկույցի նախապատրաստմանը, ասվում է ՀԲ երևանյան գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ: Շարադրության թեման է՝ Հայկական գյուղը 21-րդ դարում. գյուղական բնակավայրերում կյանքի մակարդակի բարձրացման քաղաքականություններ: «Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում»,-այս հարցերը պետք է արծարծվեն շարադրության մեջ: Ակնարկների ներկայացման վերջնաժամկետը 2012թ. հունվարի 20-ն է:

Շարադրությունը կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով, կամ ներկայացնել այն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ: