«Արաքս-Կուր» հիմնադրամը և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր կազմակերպել էին հավաք-քննարկում՝ նվիրված Վահագն Չախալյանին ու Ջավախքի հիմնախնդիրներին։
«Հավաքվել ենք, որ չմոռանանք ու թույլ չտանք մոռանալ՝ մենք պատանդ ունենք։ Եվ մենք չպետք է հանգիստ ունենանք, քանի դեռ նա ազատ չէ»,- ասաց Տիգրան Խզմալյանը՝ հիշեցնելով ջավախաբնակ հայտնի ազգային գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի անցած ուղին։ Նա նշեց, որ Չախալյանը ձերբակալվել է հայկական ազգանվամբ մարդկանց աջակցությամբ, ինչը ևս մեկ անգամ փաստում է՝ Ջավախքը բեռ է ոչ միայն պաշտոնական Թբիլիսիի, այլև՝ Երևանի համար։
«Մենք ուզում ենք՝ Ջավախքում մարդն իր իրավունքները պաշտպանի, մարդավարի ապրի։ Բայց կան խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնվում։ Մենք այսօր ուզում ենք հասկանալ՝ ինչու է այդ մարդը՝ Չախալյանը, նստած։ Նրա դեմ ոչինչ չկա, պարզապես ուզում են, որ իրենց խոսքն անցնի՝ Վրաստանի խոսքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը։
Պատմաբան Գևորգ Յազիճյանն էլ նշեց, որ Ջավախքում հայաթափությունը հսկայական ծավալների է հասնում, որին նպաստել է նաև երկքաղաքացիության ընդունումը. «Ջավախքը Հայաստան է՝ հայոց հայրենիքը։ Ի՞նչ անենք՝ Վրաստանի գերիշխանության տակ է։ Այս բոլորը մեր սեփականությունն է։ Ջավախքը միայն այս կամ նախորդ սերունդներինը չէ, այլև հաջորդ սերունդներինն է»:





