Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Ո′չ վատ սովորություններին» խորագրով եռօրյա դասընթացը։ Հիմնադրամից հայտնում են, որ դասընթացի նպատակն է երիտասարդների մոտ ձևավորել անվտանգ վարքագիծ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների և այլ վնասակար սովորությունների հետ կապված։
Դասընթացին մասնակցում են Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ։ «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպության դասընթացավար և կրթական ծրագրերի մարզային համակարգող Լիլիթ Ասատրյանն ուսանողներին է ներկայացրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի զարգացման պատմությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա իրավիճակն աշխարհում և Հայաստանում, ՄԻԱՎ վարակի ընթացքը, փոխանցման ուղիները։
Լիլիթ Ասատրյանը մասնավորապես նշել է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը սպառնում է յուրաքանչյուրին՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից։ Չվարակվելու համար հարկավոր է իմանալ ինչպես խուսափել վարակից և պատասխանատվությամբ վերաբերվել սեփական և այլոց առողջությանը։
Եռօրյա սեմինարի ընթացքում անդրադարձ կլինի տղամարդու և կնոջ վերարտադրողական համակարգերին, անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, սեռավարակներին, դրանց փոխանցման ուղիներին, ինչպես նաև՝ թմրամիջոցների տեսակներին, ազդեցությանը, կանխարգելման ուղիներին։





