39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է նրա մտերիմ ընկեր Հայկը:
«Ինքը դա հասկանոլվ ա արել: Թեկուզ հարբած, բայց հասկանալով: Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել: Բողոքել ա իր սոցիալական ծանր վիճակի համար»,- պատմել է Հայկը և հավելել, որ մինչ օրս Իսոյանը փաստաբան չունի և հրաժարվում է ցուցմունքներ տալուց: «Մտածում ենք, որ փաստաբանի կարիք չկա: Իր հանցանքը ի՞նչ ա, որ մի հատ էլ պաշտպանվի: Ոչ թե ինքը հրաժարվելա փաստաբանից, այլ դրա մասին մտածելու հերթը չի հասել»: Վ. Իսոյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, միջադեպի հետ կապված նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանույան հոդվածով: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, նախագահական նստավայրի դարպասին է բախվել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենա:
Անվտանգության ծառայության աշխատակիցները կասեցրել են մեքենայի ընթացքը ու բռնել վարորդին: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ վարորդը 1972 թ. ծնված Վաչագան Իսոյանն է, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Վաչագան Իսոյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն:





