Տարածաշրջանային կամ ինտեգրումը Եվրամիությանը կօգներ նվազեցնել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների սրությունը:
Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Յենի համալսարանի (Գերմանիա) պրոֆեսոր Գեորգի Խուբուան: «Ինտեգրման յուրաքանչյուր լրացուցիչ մակարդակ միշտ դրական է ազդում հակամարտությունների լուծման վրա», նշեց նա:
Նրա կարծիքով, ինտեգրման արդյունքում կարելի է վերափոխել առկա հակամարտությունները, ստեղծել դրանց լուծման տարածաշրջանային մակարդակներ: «Հիմա Կովկասը, որպես տարածաշրջան, ունի զուտ աշխարհագրական նշանակություն: Մենք չունենք տարածաշրջանային կազմակերպությունների ինստիտուտներ»,-նշեց նա, ավելացնելով, որ այդպիսի տարածաշրջանային ինստիտուտների առկայությունը կնվազեցներ լարվածությունը ղարաբաղյան, հարավօսական և աբխազական հակամարտություններում:
Խուբուան ընդգծեց, որ տարածաշրջանի առկա իրավիճակը ձեռնտու չէ ոչ մեկին , և պետք է սթափ և ռացիոնալ մոտենալ հակամարտություններին և ինտեգրման գործընթացներին: Միաժամանակ նա նշեց, որ դա դժվար կլինի անել, քանի որ հակամարտությունները թողել են շատ ծանր ժառանգություն:





