AM
24 Նոյեմբեր 2011 - 11:28 AMT

ԵՊՀ-ում բացվել է Մոսկվայի Բաումանի անվան համալսարանի հեռահար մուտքի կետ

Երևանի պետական համալսարանում այսօր Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի «Կրթական տեխնոլոգիաների փոխանցումը ԱՊՀ երկրների տեխնիկական համալսարաններ» ծրագրի շրջանակում բացվել է հեռահար մուտքի կետ:

Բացմանը նախորդել է 72 ակադեմիական ժամ տևողությամբ «Տեղեկատվության պաշտպանությունը տեղեկատվական համակարգերում» որակավորման բարձրացման դասընթացի հեռակա անցկացումը: Դասընթան անցել են ԵՊՀ 21 աշխատակիցներ` տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ:

«Վստահ եմ, որ մեր աշխատակիցներից շատերն արդեն կիրառում են ստացված գիտելիքներն ամենօրյա պրակտիկայում»,- այսօր հեռահար մուտքի կետի բացման ժամանակ ասաց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Մարկոսյանը:

Այս պահին հեռավար մուտքի կետում հասանելի են որակավորման բարձրացման հեռահար ուսուցման 56 ծրագրեր հետևյալ ուղղություններով` կենսաբժշկական տեխնիկա ու առողջության պահպանման տեխնոլոգիաներ, տեղեկատվական համակարգեր ու տեխնոլոգիաներ, արբանյակային կապի ռադիոէլեկտրոնային համակարգեր ու կառավարում, ծրագրերի ղեկավարում:

Որակավորման բարձրացման հեռահար ուսուցման ծրագրերի թիվը պլանավորվում է հետագայում հասցնել 200-ի: