AM
24 Նոյեմբեր 2011 - 13:40 AMT

ԱԻՆ-ը խրախուսում է զերծ մնալ անսարք և հին անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է, որ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:

Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից: Նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 14.45-ի դրությամբ դժվարանցանելի են Տավուշի մարզի Բերդ – Կրասնոսելսկ և Կիրանց – Ոսկեպար ավտոճանապարհները:

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների, նոյեմբերի 24-ին եղանակը պայմանավորված կլինի հյուսիսից ներխուժող ցուրտ ճակատի ազդեցությամբ: Նոյեմբերի 24-ի գիշերը հյուսիսային շրջաններում, ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, Լոռիում, Տավուշում և Սյունիքում զգալի: Առանձին վայրերում ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, տեսանելիության վատացում և դժվարանցանելիություն: Նոյեմբերի 25-ին ցերեկը տեղումները կպահպանվեն միայն արևելյան շրջաններում, երեկոյան ամենուրեք կդադարեն:

Օդի ջերմաստիճանը 24-ին ցերեկը կնվազի 4-6, արևելյան շրջաններում 7-9 աստիճանով: