Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրելով քաղաքացու դիմումի հիման վրա ոստիկանության Սպիտակի բաժնում ստացված նյութերը` հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի և խարդախության դեպքերի առթիվ:
Դատախազությունից հատնում են, որ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում հաշվառված, բայց 2007թ. մինչև 2010թ. ներառյալ Երևան քաղաքում, իսկ հետագայում Սարատովկա գյուղում փաստացի բնակություն հաստատած քաղաքացին 2009թ. հունվարի 30-ին և 2010թ. հունվարի 29-ին դիմել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին` նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կազմել և տրամադրել է վերջինիս փաստացի բնակվելու, ընտանիքի կազմի և նրա` գյուղատնտեսական նշանակության հողի չափի և անասունների գլխաքանակի մասին կեղծ տեղեկանքներ: Հիշյալ տեղեկանքները քաղաքացին ներկայացրել է սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալություն, որտեղ չեն ստուգվել դրանցում նշված տեղեկությունները, հաշվառվել է նպաստառուների ցուցակում և 2009-2010թթ. ընթացքում ստացել նպաստ:
Նախապատրաստված նյութերում վերը նշված երեք անձանց գործողություններում հսկողություն իրականացնող դատախազի գնահատմամբ առկա են հանցագործության հատկանիշներ, այն է` քաղաքացին, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, խաբեությամբ հափշտակել է զգալի չափի գույք, աշխատակազմի ղեկավարն էական վնաս է պատճառել պետության շահերին` կատարելով պաշտոնեական կեղծիք, իսկ սոցիալական ծառայության Սպիտակի տարածքային գործակալության տեսուչը կատարել է պաշտոնեական անփութություն և պաշտոնեական կեղծիք:
Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:





