AM
30 Նոյեմբեր 2011 - 05:59 AMT

Վերջերս զինաթափված բանդայի պարագլուխներից մեկի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը այլևս ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար չէ

«Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը՝ հայտնի բանդայի գործով ձերբակալված և հանցախմբի պարագլուխ որակված Արտյուշա Հակոբյանի հայրը, այլևս Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը չէ: Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է անձամբ Հակոբյանը: «Հիմա ինձ փոխել են՝ ուրիշ մարդ են նշանակել»,- մանրամասները չհայտնելով՝ ասել է Սուրիկ Հակոբյանը:

Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ: