AM
30 Նոյեմբեր 2011 - 06:44 AMT

«Քաղաքի տերերը» կրկին ահազանգում են Երևանի բացարձակ «բետոնապատման» մասին

«Մենք ենք այս քաղաքի տերը»քաղաքացիական նախաձեռնությունը շնորհավորում է Տարոն Մարգարյանին` Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի մայրաքաղաքում կանաչ տարածքները փրկելու համար:

«Կարծում ենք` Ձեզ ևս անհանգստացնում է Երևանում ստեղծված այն իրավիճակը, երբ խախտվում են քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դեպի բացարձակ «բետոնապատում», ինչի արդյունքում երեխաները զրկվում են այգում խաղալու հնարավորությունից, մեծերը` ծառերի ստվերում հանգստանալուց, իսկ երիտասարդները` շարունակաբար հոգնածություն և ուժերի անկում են զգում»,- գրում են նախաձեռնության անդամները:

Նրանք ստեղծված իրավիճակը շտկելու համար առաջարկում են ձեռնարկել հետևյալ քայլերը` 2012թ. բյուջեում շեշտակիորեն ավելացնել Երևանի այգիների պահպանման և խնամքի, նոր այգիների ստեղծման համար հատկացվելիք գումարը, խիստ հսկողություն սահմանել Երևանի գլխավոր հատակագծի խախտումներ թույլ չտալու համար, բոլոր քաղաքաշինական նախագծերի մասին տարբեր միջոցներով և ամիսներ առաջ իրազեկել հանրությանը և նպաստել նրա ակտիվ մասնակցությանը. hասարակության մասնակցությունն է, որ կարող է հավասարակշռող դեր ունենալ քաղաքի համաչափ և կայուն զարգացման համար, ճշտել Երևանի քաղաքապետարանի վարչությունների պատասխանատվությունն ու հասցեականությունը բնապահպանական խնդիրների դեպքում քաղաքացիներին ապակողմնորոշելուց և պատասխանատվությունից հրաժարվելուց խուսափելու համար և այլն։

«Կարծում ենք, որ վերոհիշյալ միջոցների ձեռնարկումը կօգնի Երևանում ստեղծել մեր և մեր երեխաների համար առողջ միջավայր, բարենպաստ կլինի տուրիզմի զարգացման և ներդրումների համար և, ընդհանրապես, կնպաստի Երևան քաղաքի կայուն զարգացմանը»,- նշում են քաղաքի տերերը։