AM
30 Նոյեմբեր 2011 - 11:30 AMT

Վեդիի ծննդատան վերանորոգումն ավարտված է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչների, Վեդիի ծննդատան տնօրեն Վաչիկ Մաթևոսյանի և ծննդատան անձնակազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ժապավեն կտրելու հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվել է Վեդիի ծննդատան 2-րդ հարկի վերանորոգման աշխատանքների ավարտը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված վերանորոգման աշխատանքների շրջանակում ներկվել են պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կառուցվել է կաթսայատուն, ինչպես նաև տրամադրվել է գեներատոր` արտակարգ պատահարների դեպքում անխափան հոսանք մատակարարելու նպատակով:

Վերանորոգման աշխատանքների համար ծախսվել է 230.000 ԱՄՆ դոլար: Ծրագրի նախնական պլանավորման, պայմանագրերի կնքման ինչպես նաև որակի հսկողության բոլոր աշխատանքներն իրականացվել են ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից: Աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից և տևել են տաս ամիս:

Հիվանդանոցը սպասարկում է Արարատի մարզի 13,000 կանանց` տարեկան ընդունելով 800 ծնունդ: Այժմ, երբ վերանորոգման աշխատանքներն ավարտված են, ծննդատունը կկարողանա ավելի լավ ծառայություններ մատուցել Հայաստանի հարավային շրջանների բնակչությանը: