AM
1 Դեկտեմբեր 2011 - 07:05 AMT

Գինու կույր համտեսումը կօգնի կոտրել կույրերի մասին կարծրատիպերը

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Բրիտանական խորհուրդը կազմակերպում է «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը, որի նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը: Քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչների և գործատուների համար կազմակերպվելու է գինու կույր համտեսում:

Բրիտանական խորհրդի «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը հնարավորություն կտա զգալ շրջապատող միջավայրը ձայնի, համի, հոտի և շոշափելիքի միջոցով:

Քաղաքական, հասարակական ոլորտի ներկայացուցիչները և գործատուները Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կմասնակցեն գինու կույր համտեսմանը: Ամբողջովին մութ սենյակում հյուրերին կմատուցվի գինի: Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել գինին, լսել երաժշտություն, իսկ գինու բույրի և շոշափելիքի միջոցով կողմոնորոշվել միջավայրում: Հատուկ այս միջոցառման համար կնվագեն տեսողական խնդիրներ ունեցող երաժիշտները, իսկ գինին կմատուցեն հատուկ ակնոցներով զինված դերասանները: Համտեսման ընթացքում դերասան-մատուցողները կստեղծեն իրավիճակներ, որոնց ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, կզգան ու յուրովի կգնահատեն կույրերի աշխարհը` այսպիսով հասկանալով նրանց խնդիրներն առօրյա կյանքում:

«Սա, իսկապես, հետաքրքրական և յուրօրինակ միջոցառում է, ինչը հնարավորություն կտա նորովի դիտարկել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնահարցերը: Տեսողական խնդիրներ ունեցող մարդը կարող է և պետք է լինի հասարակության լիարժեք մասնիկը: Այս միջոցառումը կօգնի կոտրել մեր հասարակությունում առկա կարծրատիպերը»,- ասել է Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:

Գինու համտեսումից հետո հյուրերն արդեն լուսավոր սրահներում կքննարկեն կույրերի խնդիրները և կպատմեն, թե տվյալ իրավիճակում չորս զգայարանից որն էր առավել գերակշիռ մութ սենյակում: Գործատուները միջոցառման ընթացքում տեղում կշփվեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ և կքննարկեն իրենց կազմակերպություններում նրանց ներգրավելու հնարավորությունները: