Վերջին շրջանում Երևանում մեծ աղմուկ են բարձրացրել «Մոսկվա» կինոթատրոնի և Նկարիչների միության հարևանությամբ «Պարսկական աշտարակ» կառուցելու մասին լուրերը: Իրո՞ք կառուցվելու է, թե պարզապես նախագիծ է: Բոլորին հուզող այս հարցի պատասխանը PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձեց պարզել հենց շենքը նախագծողից` Արիան Շահաբիանից:
«Մեր աշտարակը Didas International կազմակերպության և տեղական ղեկավարման մարմնի` քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում եզրափակիչ անցած երկու նախագծերից մեկն է միայն: Հենց Երևանի քաղաքապետարանն ու Didas International կազմակերպությունն էլ պետք է որոշեն` կկառուցվի այն, թե ոչ: Կարծում եմ` հենց նրանց է պետք այս հարցով դիմել»,- ասաց ճարտարապետը` հավելելով, որ երբ իրենք շենք ենք նախագծում, հուսով են, որ կկառուցվի, և վստահ` դա լավագույն ճարտարապետական լուծումն է տվյալ նախագծի համար. «Մենք ասելով նկատի ունեմ Թեհրանի «PASARGAD consulting architects & planners» ընկերությունը, որի հետ որ համագործակցում եմ»:
Նա նշեց, որ մինչ նախագծային աշխատանքները սկսելը, իրենց թիմի 3 անդամներ այցելել են Երևան, մանրակրկիտ ծանոթացել պատմությանը, մշակույթին ու ճարտարապետությանը. «Իսկ թե ինչու չենք արտատպել ավանդական ճարտարապետությունը, ինչպես ենք մեկնաբանում նման շենքի ընտրությունը քաղաքի հենց այդ հատվածում, ինչպես կհարաբերվեն քաղաքն ու աշտարակը մենք մանրակրկիտ նկարագրում ենք շենքի նախագծի մեջ, որը տեղադրված է նաև մեր կայքում»: PanARMENIAN.Net-ը փորձեց գտնել մրցույթի եզրափակիչ փուլ անցած նաև 2-րդ նախագծի հեղինակներին: Դա «Persia Trading/Administrative Tower»` «Պարսկական առևտրի/վարչական աշտարակ» անունով շինությունն է: Նախագծող ընկերությունը`Թեհրանի ATEC Consultants ընկերությունն է:





