AM
5 Դեկտեմբեր 2011 - 08:39 AMT

ԱԻՆ-ում բացվել է «Հայաստանում սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը

Դեկտեմբերի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարության մեծ դահլիճում տեղի է ունեցել Սպիտակի 1988 թ. երկրաշարժի 23-րդ տարելիցին նվիրված «Հայաստանում սեյսմիկ անվտանգության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովի բացումը։

Նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովին մասնակցելու հայտ են ներկայացրել 12 կազմակերպություն Հայաստանից, ինչպես նաև գիտնականներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Բուլղարիայից, Մակեդոնիայից։

Բացման խոսքով հանդես է եկել ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը. «Սպիտակի ողբերգությունը ցույց տվեց, որ հանրապետությունը պատրաստ չէր դիմագրավելու սեյսմիկ աղետին, որի պատճառով երկրաշարժի հետևանքները՝ թե մարդկային և թե նյութական ու այլ կորուստների տեսակետից, երկրաշարժի ուժի համեմատ, խիստ մեծ էին», – նշեց փոխնախարարը։

Ողջունելով և հաջողություններ մաղթելով գիտաժողովի մասնակիցներին` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը ներկայացրեց երկօրյա գիտաժողովի աշխատանքների ընդհանուր նկարագիրը, ներկայացվելիք թեմաները և զեկույցները։