Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, մտահոգված է մեր երկրում այլակարծության և ժողովրդավարության ընկալումներով ու դրսևորումներով:
«Գիտակցելով, որ բանակում առկա խնդիրները խորքային լուծումների կարիք ունեն, համոզված ենք, որ այդ խնդիրների լուծմանը հետամուտ կարող են լինել միայն նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ է զինվորական ծառայությունը, ովքեր իրենց մաշկի վրա զգացել են այդ ծառայության դժվարությունները, ինչպես նաև ականատես են եղել անարդարությունների ու միջանձնային հարաբերությունների խախտումների»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Տեսնելով, թե ովքեր են այսօր բանակը տեղի-անտեղի փնովողները` նախաձեռնության անդամները չեն կարող անտարբեր մնալ և բանակի խնդիրների արծարծումը վստահել մի խումբ «պատեհապաշտ մարդկանց, ովքեր կամ փախել են բանակից, կամ բանակ զորակոչվելուց մի քանի ամիս հետո կասկածելի հիմքերով վաղաժամկետ զորացրվել են, կամ այսպես ասած «հիվանդության» պատճառով ազատվել են ծառայությունից, սակայն քաղաքացիական կյանքում միանգամայն առողջ ու կայտառ են»:
«Մենք` բանակում ծառայածներս ենք լինելու բանակի իրական քննադատները, իսկ բանակից խուսափածների անունները առաջիկա օրերին կհրապարակենք, որպեսզի հասարակությունը իմանա, թե ովքեր են իր «սրտացավ» զավակները: Այդ ցուցակը չի սահմանափակվելու միայն Չենք լռելու կոչվող ինքնագովազդային խմբի իրական դեմքը բացահայտելով»,- գրում են նախաձեռնության անդամներն ու հավելում, որ ի տարբերություն մեր չլռող անդեմ բարձրախոսների` իրենք ֆիզիկական անձինք են ու առաջիկայում կներկայանան հանրությանը և կներկայացնեն բանակում առկա խնդիրները լուծելու և այն ավելի հզոր դարձնելու կոնկրետ ծրագրեր:





