AM
5 Դեկտեմբեր 2011 - 14:04 AMT

ՃՈ աշխատակիցը վարձատրության դիմաց քաղաքացիներին վարորդական իրավունքի ապօրինի վկայականներ է տվել

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական բաժանմունքի գործավարի կողմից փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազությունից հայտնում են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Ա. Ավագյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 3 բաժանմունքում` որպես գործավար, ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ, իրացնելու նպատակով կեղծել, մոտ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների իրացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, օժտված լինելով հիշյալ ստորաբաժանմանը հասցեագրված դիմումների մուտքագրման, մատյանների վարման, ազգային և միջազգային վարորդական վկայականների հատկացման լիազորություններով, Ա. Ավագյանը, ըստ նախաքննության նյութերի, իրեն դիմած մի շարք քաղաքացիների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել որոշակի վարձատրության դիմաց ապօրինի, առանց որակավորման քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայականներ տալու շուրջ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 326-րդ հոդվածով և 34-326-րդ հոդվածով, Գ. Եղիազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 326-րդ հոդվածով (Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը):

Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: