«Ամանորին ընդառաջ առևրի ակտիվացմանը զուգահեռ պետք է սահմանված կարգով ապահովել և կանոնակարգել բացօթյա առևտրի կազմակերպումը, ինչպես նաև հետևողական լինել չնախատեսված տարածքներում ապօրինի բացօթյա առևտուրը կանխելու ուղղությամբ»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հանձնարարելով վարչական շրջանների ղեկավարներին, առևտրի և սպասարկումների վարչության հետ համատեղ քննարկել և նախատեսել այն տարածքները, որտեղ կթույլատրվի իրականացնել եղևնիների և սոճիների բացօթյա վաճառք:
Առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ պարբերաբար ստուգայցեր են կատարվում բացօթյա առևտրի կանոնակարգման ուղղությամբ և խախտումների դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:
Մայրաքաղաքում ամանորյա տոնակատարությունների միջոցառումների հետ կապված` քաղաքապետը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին նախատեսված ժամկետում ավարտել մայրաքաղաքի արտաքին, տոնական ձևավորման աշխատանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել տոնական միջոցառումների ցանկի ու անցկացման վայրերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու համար:





