Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում միջազգային մրցանակներ է հանձնել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի նախաշեմին անցկացված մրցույթի «Էլեկտրոնային գիտություն» մրցակարգում հաղթող կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, մրցանակները ստացել են Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը եւ ԱՄՆ, Կանադայի եւ Չինաստանի գիտահետազոտական ծրագրերի ներկայացուցիչները: Հայ գիտնականները արժանացել են այդ մրցանակին ինտերնետային էջի ստեղծման համար, շնորհիվ որի Ինտերնետի այցելուները կարող են հետեւել տիեզերքում տեղի ունեցող փոփոխություններին:





