1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի տարելիցին նվիրված մամլո ասուլիսն այսօր բանախոսերն ու լրագրողները սկսեցին զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազարից ավել մարդկային կյանքեր, թողեց 19 հազար հաշմանդամ։ Ավելի քան 20 հազար մարդ երկրաշարժի հետևանքով ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ, 514 հազար մարդ մնացել էր անօթևան։ Պետությունը կրեց 13 միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք վնաս։
«Պետք է բարձրացվի զգոնությունը ինչպես կառավարական օղակներում, այնպես էլ հասարակության մեջ, որպեսզի մեր թույլ տված սխալները ինչ-որ չափով շտկվեն»,- ասաց ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը՝ հավելելով, որ սեյսմիկ ռիսկի նվազեցումը մեր հանրապետության ազգային անվտանգության առաջնային հիմնախնդիրներից մեկն է։
«Այդքան շատ զոհերի հիմնական հիմնախնդիրները հինգն են՝ սեյսմիկ վտանգի թերագնահատումը, սեյսմակայուն շինարարության անկատար նորմերը, նախագծերում թույլ տրված կոպիտ սխալները, շինարարական աշխատանքների ցածր որակը, բնակչության կողմից իրականացվող անխնա գործողությունները շենքերում»,- մանրամասնեց բանախոսը։





