Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդտի հետ: Քաղաքապետարանից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ու Վերականգնման վարկերի բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավարները:
Հանս-Յոհեն Շմիդտը կարևորել է գերմանական քաղաքների և Երևանի միջև տեղական ինքնակառաման համակարգում գործընկերային հարաբերությունների ընդլայնման ու զարգացման հեռանկարները։ «Հաշվի առնելով Ձեր փորձն ու հաջողությունները քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում` վստահ եմ, որ այն հաջողությամբ կկիրառեք քաղաքապետի պաշտոնում»:
Քաղաքապետն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ շահագրգռված է քաղաքային գործընկերային ձևաչափով համագործակցության ակտիվացման և գերմանական քաղաքների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
«Մենք պատրաստ ենք ակտիվացնել համագործակցությունը` սերտ մասնակցություն ակնկալելով քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, ինչպես նաև համատեղ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բիզնես ծրագրերում»,-նշել է Տարոն Մարգարյանը:





