«Արամի խաչմերուկ» շարժման անդամներն ամանորյա տոներին ընդառաջ քաղաքային իշխանություններից ակնկալում են Երևան քաղաքի ուրույն միջավայրի պահպանմանը նպաստող հստակ դիրքորոշման դրսևորում, ինչը միաժամանակ լավագույն նվերն ու բարեմաղթանքը կլինի՝ ուղղված մեր քաղաքը սիրող և դրա պատմամշակութային դիմագիծը գնահատող հանրությանը: Շարժման անդամները նշում են, որ հենց այդ բարեմաղթանքն էր, որ երեկ հանրության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից ամենատարբեր արտահայտությունների միջոցով դրոշմվել է Արամի30 շենքի անկյունում տեղադրված տոնածառի վրա, ինչը ինքնին ապացուցում է, որ երևանցիները քաղաքի զարգացումը չեն տեսնում քաղաքում պահպանված վերջին մի քանի պատմական շենքերի ապամոնտաժման մեջ, այլ, ընդհակառակը, գերակա են համարում դրանց պահպանումն ու վերանորոգումը:
Քաղաքային իշխանությունների կողմից վերջին օրերին նկատվել է Արամի 30 շենքի պահպանմանը նպաստելու պատրաստակամություն: Այնուամենայնիվ, նմանատիպ պատրաստակամությունն արտահայտվել է առայժմ միայն բանավոր կերպով, ուստի, բավարար հիմք չկա պնդելու, որ խնդրո առարկա շենքը փրկելուն ուղղված ջանքերը կոնկրետ արդյունք են տվել. «Գնահատելով բոլոր այն գործնական ներդրումները, որոնք առայսօր կատարվել են առանձին պաշտոնյաների կողմից, ակնկալում ենք հանրության աներկբա կարծիքն արտացոլող վերջնական, պաշտոնական լուծում, որով կչեզոքացվի Արամի 30 շենքին սպառնացող վտանգը»:





