AM
9 Դեկտեմբեր 2011 - 10:48 AMT

Դաշնակցությունը բացատրել է ինչու չի աջակցել Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը խորհրդարանի խոսնակի ընտրություններում

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը բացատրել է պատճառները, որոնց հիման վրա իրենք չեն աջակցել այլ ընդդիմադիր կուսակցության՝ « Ժառանգության», ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանին՝ Ազգային ժողովի խոսնակի ընտրություններում: Նրա խոսքով, ընտրություններից հետո հենց «Ժառանգության» ներկայացուցիչների խոսքերը վկայում են այն մասին, որ իրենք հաղթանակի հույսեր չունեին էլ: Ըստ նրա, ինքը չի ուզում մեկնաբանել «Ժառանգության» այդ քայլը, սակայն ընդգծել է. « Մենք նման քայլի չէինք գնա»:

Չցանկանալով մեկնաբանել «Ժառանգության» գործողությունները, Շահբազյանն, այնուամենայնիվ, նկատել է, որ ընդդիմադիր գործընկերները՝ հարգանքից դրդված, կարող էին խորհրդակցել Դաշնակցության հետ նախքան իրենց թեկնածուներին խոսնակի կամ փոխխոսնակի պաշտոններում առաջադրելը, կամ գոնե տեղեկացնել այդ մասին:

Սակայն Դաշնակցության մոտ ամենամեծ վրդովմունքն է առաջացրել խոսնակի պաշտոնի համար նախընտրական ելույթում Լարիսա Ալավերդյանի ճառը, երբ նա շոշափել է Գարեգին Նժդեհի և Դաշնակցության հարաբերությունները: Շահբազյանը հայտարարել է, որ չի հասկանում՝ ինչ կապ ունի խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար թեկնածուի նախընտրական խոսքը 1921թ հետ, երբ, իբրև թե, ՀՅԴ ուզում էր հանձնել Զանգեզուրը, իսկ Նժդեհը թույլ չտվեց: «Անգամ մարդկայնորեն, եթե դու անգամ քո ամենավերջին նախընտրական ճառում վիրավորում ես Դաշնակցությունը, որից հետո ես պետք է քվեարկեմ, ապա ինչու՞ ազատ ընտրության ժամանակ ես պետք է ընտրեմ նրան, ով խեղաթյուրում է իմ կուսակցության պատմությունը և վարկաբեկում այն»,- հավելել է նա: