Դեկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացուցիչներին, ովքեր քաղաքապետին են փոխանցել «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտուն կից հատվածում առևտրային համալիր կառուցելու վերաբերյալ իրենց մտահոգությունները:
Ակտիվիստները մասնավորապես նշել են, որ կառուցապատման դեպքում «Հրազդան» մարզադաշտը կկորցնի իր գործառնական նշանակությունը, ինչն ըստ նրանց, անդառնալի հետևանքներ կարող է ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման ընդհանուր համապատկերում:
Լսելով նրանց մտահոգությունները, Երևանի քաղաքապետը նախ նկատել է, որ բարձրացվող խնդիրն, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանի որ մինչև այս պահը վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որևէ նախագիծ ներկայացված չէ: Բացի այդ, նաև ընդգծել է, որ, համաձայն սահմանված ընթացակարգի, մայրաքաղաքում քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացումից առաջ դրանք ներկայացվում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը:
Մարգարյանը վստահեցրել է, որ այսուհետ հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական հարցերը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի համաձայնեցմանը ներկայացնելիս` հաշվի կառնվի նաև խնդրի առնչությամբ հասարակական կարծիքը:





