Ճանաչողական այցով դեկտեմբերի 7-ին Հայաստան կժամանի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությունը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են ՀԲ-ի երեւանյան ներկայացուցչությունում, պատվիրակության անդամները Հայաստանի կառավարության հետ քննարկելու են հանրապետությունում իրագործվող ծրագրերը: Ինչպես նախկինում լրագրողներին հաղորդել էր ՀԲ-ի Հարավային Կովկասի երկրների գծով տարածաշրջանային տնօրեն Դոնա Դոուսեթ Քոյրոլոն, Համաշխարհային բանկը մտադիր է առաջիկա չորս տարվա ընթացքում մեծացնել Հայաստանին ֆինանսական եւ տեխնիկական օգնության ծավալները: Ներկայումս ՀՀ կառավարության հետ քննարկվում է 2004-2007թթ. Հայաստանին օգնության տրամադրման ռազմավարությունը: Նախորդ ծրագրի (2001-2003 թթ.) շրջանակներում արդեն յուրացվել է ավելի քան 112 մլն դոլար` 150 մլն դոլար արժեքով ընդհանուր ծրագրից: 2003 ֆիսկալ տարին ավարտվում է 2004 թվականի հունիսի 30-ին:





