Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը տարվում է երկու ուղղությամբ, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ալան Էյրը:
«Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը այդ երկրի վրա ճնշման մեծացումն է և միևնույն ժամանակ իրանական կողմին լուրջ բանակցությունների հրավիրելը, որի նպատակը դիվանագիտական ճանապարհով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ հարցի լուծումն է»,- ասել է Էյրը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոյի՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զեկույցը պատճառ հանդիսացավ այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների խստացման. վերջին ամսում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառել ԱՄՆ, ԵՄ, Կանադան, Ավստրալիան և Ճապոնիան:
Արևմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենքի ստեղծման փորձի մեջ: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: Մինչ օրս Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է չորս տնտեսական պատժամիջոցներ: ԱՄՆ և ԵՄ անմիջականորեն կիրառել են Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ:
Ամանոյի վերջին զեկույցը ցույց է տվել, որ համաշխարհային հանրությունը անհանգստացած է Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Մինչ այդ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթերն անվանել է վստահություն չներշնչող: ԱՄՆ և նրա դաշնակիցները ցանկանում են ուժեղացնել ճնշումը Իրանի, հատկապես այդ երկրի Կենտրոնական բանկի, նավթային և նավթաքիմիական արդյունաբերության վրա:
«Ճնշումը ցուցաբերվում է, որպեսզի Իրանը համաձայնվի իր ռազմավարական հաշվարկներում փոփոխություններ իրականացնի և իր վրա վերցնի համաշխարհային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև միանա կողմերի միջև «5+1» քննարկումներին»,- ասել է Էյրը, հաղորդում է Trend-ը:





