Ինչո՞ւ են կալանավորել Նարեգ Հարթունյանին և արդյոք նա խուսափել է հարկերից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցերին փորձեցին պատասխանել ու պարզաբանումներ տալ գործով փաստաբաններ Գևորգ Չաքմիշյանը, Լեռնիկ Հովհաննիսյանն ու Անի Թորոսյանը։
Գևորգ Չաքմիշյանը նշեց, որ կալանավորումը նշանակում է սայլը ձիուց առաջ դնել, քանի որ վերստուգման արդյունքները բողոքարկվել են վերաքննիչ դատարանում և արդյունքների մասին խոսելն անգամ դեռ վաղ է, ուր մնաց, թե կալանք. «Կալանքն անհիմն է և անօրինական։ Եթե ապացուցվի, որ վերստուգման արդյունքներն անհիմն են, քրեական գործը կկարճվի»։
Բանախոսը հավելեց, որ նաև անհիմն է «հարկերից չարամտորեն խուսափելու» մեղադրանքը, քանի որ Նարեգ Հարթունյանը բազմիցս նշել է՝ եթե ապացուցվի, որ պետք է վճարել, ինքը կվճարի. «Սա շանտաժի և պատանդ վերցնելու գործողություն է։ Այս գործելակերպը բացահայտորեն ապօրինի ու անհիմն է»։
Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ նշեց, որ քրեական գործում խոսքը գնում է ոչ թե 111, այլ 64 միլիոն դրամի մասին, քանի որ մնացածը տույժեր ու տուգանքներ են։ Նա նաև տեղեկացրեց, որ մեկ այլ դատական գործով տարեսկզբից կալանք է դրված «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի ողջ ֆինանսական միջոցների ու գույքի վրա։ Ստացվում է, որ քանի դեռ կալանքը հանված չէ, մեծ ցանկության դեպքում էլ չեն կարողանա մուծել տույժերը։
Ասուլիսի 3-րդ բանախոս՝ փաստաբան Անի Թորոսյանը խոսեց Նարեգ Հարթունյանին, ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին ու հաշվապահ Արթուր Գալստյանին երկամսյա կալանք տալու գործընթացի անօրինականության մասին, նշեց, որ խախտվել են մի շարք ընթացակարգեր, ինչը վկայում է՝ նրանց պարզապես շտապում էին հասարակությունից մեկուսացնել. «Իմ պաշտպանյալները մի քանի ամսին շարունակ գործով ներգրավված էին որպես վկաներ։ Թե ինչ փոխվեց մեկ օրում, պարզ չէ»։
Բանախոսները նշեցին, որ ըստ էության այս ամենն արվում է, քանի որ Նարեգ Հարթունյանը տնօրինում է «Երևանի ժամացույցի գործարանի»՝ 34 տոկոս բաժնետոմսերը, որով հետաքրքրված են պետակա կառույցում աշխատող որոշ անձինք։ Նշվեց, որ բաժնետոմսերը արժեքը կազմում է մոտավորապես 8 միլիոն ԱՄՆ դոլար։
2011թ. դեկտեմբերի 9-ին Նարեգ Կարապետի Հարթունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները խոշոր չափերով օրինականացնելը, փողերի լվացումը), ընկերության փոխտնօրեն Անի Սերժիկի Մնացականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205 հոդվածի 2-րդ մասով, իսկ հաշվապահ Արթուր Արամի Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205 հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:Վերոհիշյալ անձանց հանցավոր գործողություններով պետությանը պատճառվել է շուրջ 109 միլիոն ՀՀ դրամի վնաս:
Ըստ գործի, Նարեգ Կարապետի Հարթունյանը ղեկավարել է «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության գործունեությունը և այդ ժամանակահատվածում խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց: Նա պետք է կալանքի տակ մնա 2 ամիս:





