AM
13 Դեկտեմբեր 2011 - 05:12 AMT

Գենդերային խտրականություն. Ավանդույթներ, թե հիվանդություն

Օրինաց երկիր կուսակցության պատգամավորները արդեն մի քանի տարի է մշակում են նոր օրենք`Հայաստանում գենդերային հավասարություն հաստատելու ազնիվ մղումով: Օրենքի հեղինակ Հովհաննես Մարգարյանը նշում է, որ դրանով պետական կառույցներին կպարտադրեն աշխատանքի վերցնել կանանց: Թե տոկոսային ինչ հարաբերակցությամբ, դեռ պետք է հստակեցնել:

Մի՞թե դրա կարիքը կա: Կանայք հիմա էլ են ներգրավված նախարարություններում, ԱԺ-ում և մնացած կառույցներում: Եվ ոչ միայն որպես քարտուղարուհիներ` կանայք նախարար են, պատգամավոր, զանազան վարչությունների ու գերատեսչությունների ղեկավար: Եվ հիմնականում դրանք այն բնագավառներն են, որտեղ կանայք, ելնելով բնատուր առանձնահատկություններից, իրենց ավելի լավ են դրսևորում, քան տղամարդիկ:

Բայց այսքանով հանդերձ Հայաստանում գենդերային հավասարություն չկա, և այս օրենքը ոչինչ չի փոխի, քանի որ նախագծողները սխալ վայրում են պատճառները փնտրում: Սա այն դեպքն է, որ պետք է սկսել ներքևից, քանի որ «վերևներում» խնդիրն այդքան սուր չէ: Թեև պարզ է, որ այդ ամենն արվում է ԵՄ-ի, ՄԱԿ-ի ու նման մի քանի այլ կառույցների «աչքը փակելու» համար:

Իսկ ի՞նչ է կատարվում ներքևում: Այստեղ վիճակն այնքան վատ է, որ երբեմն կարիք է լինում պաշտպանել ոչ թե կանանց, այլ տղամարդկանց շահերը, քանի որ ձեռնարկատերերի մեծամասնությունը աշխատանքի է վերցնում միայն 25-30 տարեկան աղջիկների: Դրանում համոզվելու համար բավական է աշխատանքի գործակալությունում կամ համապատասխան կայքերում թեկուզ 5 րոպե անցկացնելը:

Օրենքի հեղինակները նշում են, որ իրենք փորձում են չմտնել ընտանիք, այլ հարցը լուծել հասարակության մակարդակում: Բայց չէ՞ որ ընտանիքը հասարակության բջիջն է: Ինչպե՞ս կարելի է բուժել օրգանիզմը` չբուժելով օրգանները: Իսկ ընտանիքները Հայաստանում, իրոք, «հիվանդ» են: Եվ եթե մայրաքաղաքում իրավիճակը քիչ թե շատ շտկվում է, ապա մարզերում այս առումով մի քանի դար է ոչինչ չի փոխվել` կանանց նվաստացնում են, շահագործում: Եվ այս ամենը բացատրվում է սովորույթներով ու ավանդույթներով: Իսկ ո՞ւր մնաց կնոջը մեծարելը, ո՞ւր մնաց Մայր Հայաստանը: Իսկ հաշվի առնելով այն փաստը, որ կնոջը կարող են ծեծլ, անընդհատ վիրավորել, «երեսով տալ» և անգամ տանից վտարել աղջիկ երեխա լույս աշխարհ բերելու համար, էլ ի՞նչ գենդերային հավասարության մասին է խոսքը:

Այո, հայ հասարակությունը հիվանդ է: Նրան փորձում են բուժել, սակայն հիվանդությունը սխալ են ախտորոշել: Պետք է սկսել ներքևից, և գուցե մի բան ստացվի…