AM
13 Դեկտեմբեր 2011 - 06:41 AMT

«Ճանաչիր քո երկիրը» հայրենասիրական խումբն արժանացել է հատուկ մրցանակի

«Խոսքի իրավունք» միավորման խորհուրդը որոշել է «Ինտերնետ և հասարակություն» մրցանակաբաշխության հատուկ մրցանակի արժանացնել «Ճանաչիր քո երկիրը» հայրենասիրական խմբին մեր հնադարյան կոթողների փրկության հարցը մամուլում հնչեցնելու և հայրենաճանաչողական ակցիաներ կազմակերպելու համար:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական ռազմահայրենասիրական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: Այդ ազգանվեր գործը իրականացնելիս երիտասարդները օգտագործում են նաև ինտերնետը:

Նրանք համագործակցում են հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների հետ և օգտվում սոցիալական կայքերի հնարավորություններից: «Հատկապես գովելի ենք համարում նրանց «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» և այլ նախաձեռնություններ: Սակայն մի փոքր դիտողություն նրանց. վերջին շրջանում հայրենասեր խումբը մի փոքր պասիվ է: Հուսանք, որ այս մրցանակը խթան կհանդիսանա և կստիպի նրանց վերադառնալ նախկին ակտիվությանը»,- նշվում է «Խոսքի իրավունքի» տարածած հաղորդագրության մեջ:

«Ինտերնետ և հասարակություն» մրցանակաբաշխությունը իրականացվելու է հետևյալ անվանակարգերում՝ Լավագույն սոցիալական հոլովակ, Լավագույն մանկական կայք, Լավագույն հումորային նախագիծ, Լավագույն սոցիալական իվենթ ֆեյսբուքում, Լավագույն քաղաքացիական նախաձեռնություն, Ամենաակտիվ ֆեյսբուքյան խումբ։

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել ինտերնետում, սոցիալական նախագծերի իրականացումը: Անվանակարգերը հայտնի կդառնան դեկտեմբերի վերջին, իսկ հատուկ մրցանակները հայտնի են դառնում արդեն հիմա։