AM
14 Դեկտեմբեր 2011 - 06:18 AMT

Պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու է անտառու՞մ՝ խարույկի մոտ, կոճղերին նստա՞ծ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի նիստին մի այնպիսի որոշման նախագիծ է ներկայացվելու, որը «Հայկական ժամանակը» անվանում է տարվա ամենահումորային հնարավոր որոշումներից մեկը: Ըստ նախագծի, պետք է վարձակալական հիմունքներով 25 տարի ժամկետով ՀՀ պետեկամուտների կոմիտեին Դիլիջանի ազգային պարկի տարածքից 22.5 հեկտար անտառ հատկացվի, ինչպես նշված է նախագծում՝ «հարկային, մաքսային և քաղաքացիական ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու սեմինարների անցկացումը կազմակերպելու համար»: Իսկ հումորն այն է, որ կառավարության նույն որոշմամբ՝ այդ տարածքում կառուցապատումն արգելվելու է: Ստացվում է, որ պետեկամուտների կոմիտեն այսուհետ իր սեմինարներն անցկացնելու է անտառում՝ խարույկի մոտ, կոճղերին նստած: Որոշման նախագծում այդպես էլ հիմնավորված է. «Բացակայում է համապատասխան տարածքը, որի առկայությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով կազմակերպել դասընթացներ…»: