AM
15 Դեկտեմբեր 2011 - 12:10 AMT

ԼՂՀ Մարտունի քաղաքի նոր հիվանդանոցը տարեկան կսպասարկի 1000 ստացիոնար և 1400 ամբուլատոր հիվանդի

«Հայաստան» Հիմնադրամի ԱՄՆ արևելյան շրջանի տեղական մարմինը, Հայ բժիշկների հիմնադրամը և ԼՂՀ կառավարությունը համաֆինանսավորում են ԼՂՀ Մարտունի քաղաքում նոր հիվանդանոցի կառուցումը։

Ներկայիս քաղաքային հիվանդանոցը 1965 թվականի կառույց է: Այսօր այն պատշաճ բուժսպասարկում իրականացնելու համար այլևս պիտանի չէ: Նոր երկհարկանի հիվանդանոցը բուժծառայությունների համար կապահովի ժամանակակից պայմաններ: Նորակառույցի նկուղային հարկում կտեղակայվեն պահեստներն ու սպասարկման սենյակները, առաջին հարկում վարչական մասը, պոլիկլինիկան, ախտորոշման, շտապ օգնության և ինֆեկցիոն բաժանմունքները, իսկ երկրորդ հարկում` վիրահատական, թերապևտիկ և գինեկոլոգիայի բաժանմունքները: Էլեկտրաենթակայանը, ջեռուցման ու օդափոխության համակարգերը հնարավորություն կտան հիվանդանոցն արդյունավետ շահագործել: Ընդարձակ բակը կբարեկարգվի հիվանդների հանգստին ծառայելու նպատակով:

Նորակառույցը կզբաղեցնի 2470 քմ մակերես:Կառուցվել են նկուղը և առաջին հարկը, ընթացքում է երկրորդ հարկի շինարարությունը: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիշա Գասպարյանի խոսքով` հաստատությունը տարեկան կարող է սպասարկել շուրջ 1000 ստացիոնար և 1400 ամբուլատոր հիվանդի: Այստեղ միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 23 հիվանդ: Բուժհաստատությունը կսպասարկի նաև հարևան գյուղերի բնակիչներին:

«Սա երկրորդ խոշոր բուժհաստատությունն է, որ կառուցվում է Լեռնային Ղարաբաղում ԱՄՆ արևելյան շրջանի հայության օժանդակությամբ: Ստեփանակերտի պոլիկլինիկան, որ կառուցվել ու կահավորվել է նույն համայնքի ջանքերով, արդեն 9 տարի է, էապես խթանում է բնակչության առողջության պահպանմանը», -նշել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա վստահ է, որ Մարտունու հիվանդանոցը նմանապես որակյալ բուժսպասարկում կիրականացնի շրջանում: