AM
15 Դեկտեմբեր 2011 - 13:31 AMT

Աղվերանում մեկնարկել է կրթության որակի ապահովմանը նվիրված համաժողովը

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17–ը Աղվերանում կազմակերպել է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Հիմնադրամից հայտնում են, որ համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները:

Համաժողովի պաշտոնական բացման արարողությունը կայացել է այսօր: Ներկա են եղել 90 մասնակիցներ` ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի և միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և այլն: Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բացման խոսքում կարևորել է բոլոր շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում:

Եռօրյա ֆորումի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու տեղի և միջազգային հեղինակավոր փորձագետների ելույթներին, մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների «ՈԱԱԿ մոտեցումները», «Որակի ներքին ապահովման համակարգ», «Ինքնավերլուծության մեթոդաբանություն և գործիքներ» թեմաներով, ինչպես նաև քննարկումների` ՀՀ-ում կրթության որակի ներքին ապահովման արդյունավետ մեխանիզմների և մոտեցումների վերաբերյալ: Ֆորումի վերջին օրը նախատեսվում է նաև միջազգային կրթական նախագծերի և հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձի ներկայացում և ուսումնասիրություն: