AM
15 Դեկտեմբեր 2011 - 13:49 AMT

Քաջարանի գյուղապետը հրաժարվել է իր պաշտոնից ու Հանրապետական կուսակցությունից

«Երեկ մարզպետարանում խորհրդակցություն էր: Պայմանագիրը դրեցին դեմս, ասեցին ստորագրի, ես էլ ասացի` չեմ ստորագրելու, ես իմ ժողովրդին չեմ դավաճանելու»,- այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզի Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը` հավելելով, որ նույն պահին հրաժարականի դիմում է գրել ու դուրս եկել:

Ռաֆիկ Աթայանը նշեց, որ իր հիասթափությունն այնքան մեծ է, որ պատրաստվում է հանձնել նաև ՀՀԿ անդամակցության տոմսը. «Տեղական իշխանություններն ինձ վրա ճնշում էին գործադրում, ասում էին` պետք է ստորագրես, ես էլ հրաժարականի դիմում եմ ներկայացրել ու դուրս եկել»:

Քաջարանի գյուղապետի վրա ճնշումներ էին գործադրում, որպեսզի ստիպեն ստորագրել համաձայանագրի տակ, որով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատին կտրվեն ՀՀ կառավարության 627-Ն որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված գյուղի հողերը:

Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը և հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում է նշանակում: