ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորմասում կրկին միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով երեկ Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է այս տարվա գարնանային զորակոչին Էջմիածնից զորակոչված 18-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի աջ աչքը, գրում է «Հայկական ժամանակը»:
Թերթի փոխանցմամբ Նարեկի հայրը նշել է. «Տղուս հետ սենց բան արածին ես գտնելու եմ, ես իրան գտնելու եմ ու մկրատով երկու աչքերն եմ հանելու»:
Նարեկի հորեղբոր որդին պատմել է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 8-ին, զորամասի ճաշարանում. «Նարեկը 14 օր դիրքերում էր: Հենց այդ օրն էր իջել դիրքերից ու առավոտյան գնացել ճաշարան: Չգիտենք, թե ինչ էր եղել, բայց էդ սպան բանալիների խրձով հարվածել է, ու այդ հարվածից Նարեկի աչքը թափվել է»: Ասաց, որ չգիտի հարվածողի անունը, չգիտի, թե ինչու է հարվածել:
ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը ոչինչ չի պատմել և անջատել է հեռախոսը: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից նշել են, որ միջադեպ իսկապես տեղի է ունեցել, սակայն քրեական գործ չի հարուցվել, դեպքի հետ կապված ռազմական ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստավում:
Թերթը նշում է, որ զինծառայողի աչքին հարվածողը «Եղնիկներ» զորամասի զինծառայող, ենթասպա Արմեն Թովմասյանն է:





