AM
16 Դեկտեմբեր 2011 - 07:50 AMT

Սերժ Ռեգուր. Իշխանություններն ու գործատուները սահմանափակում են լրագրողների ազատությունը

Ֆրանսիական համալսարանում անցկացվում է «Զանգվածային լրատվամիջոցներն ու խոսքի ազատությունը. մասնագիտական պատասխանատվության և իրականության միջև» խորագրով համաժողովը, որի նպատակն է մասնակիցների հետ քննարկել զանգվածային լրատվամիջոցների ազատությանը և խոսքի ազատությանն առնչվող հարցեր։

Անդրադառնալով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք կարող են գոյություն ունենալ բացարձակ ազատ լրագրող և մամուլ, հիմնական բանախոս Թուլուզ 1 Կապիտոլ համալսարանի հանրային իրավունքի դասախոս, ոլորտի ԵՄ փորձագետ Սերժ Ռեգուրը պատասխանեց. «Լրագրողները պետք է օգտվեն իրենց այդ իրավունքից։ Վաղուց ի վեր բազմաթիվ փաստաթղթեր ու հռչակագրեր երաշխավորում են խոսքի ազատությունը։ Բայց ԵՄ մոտեցումն այս հարցում ոչ լիովին է համընկնում ամերիկյան մոտեցման հետ։ Ըստ եվրոպական մոտեցման, յուրաքանչյուր ազատություն տեղավորվում է իր սահմանների մեջ։ Ֆրանսիայում 1789 թվականից ի վեր գիտեն՝ յուրաքանչյուրի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է դիմացինի ազատությունը»։

Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, բանախոսը նշեց, որ կան 2 տիպի սահմանափակումներ՝ 1-ին տիպի սահմանափակումները դրվում են իշխանությունների կողմից, և 2-րդը՝ լրագրողները վարձու աշխատողներ են, և նրանց ազատությունը սահմանափակվում է գործատուների պատկերացումներով։

Նույն հարցին անդրադառնալով՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, ազգային փորձագետ Աշոտ Մելիքյանը նշեց, որ առհասարակ ոչինչ բացարձակ չի լինում. «Խոսքի ազատությունը բացարձակ ազատություն չէ։ Այն ունի տարբեր մակարդակներ, և այդ մենք՝ լրագրողները, լրագրողական կազմակերպությունները, պետք է պայքարենք էլ ավելի բարձրացնելու մեր ազատության մակարդակը»։