«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը և խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր ՀՀ վարչապետին ու կառավարությանն են դիմել հարցապնդումներով, որոնք վերաբերում են Քաջարան գյուղի համայնքային սեփականություն հանդիսացող հողերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու վերաբերյալ գարնանը կառավարության ընդունած որոշման օրիանականությանը, վերջին օրերին Քաջարանի գյուղապետի նկատմամբ կիրառված ճնշումներին, ինչպես նաև` Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակում մասնավորապես ասված է. «Ըստ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի` ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և Քաջարանի ժողովուրդն իր գյուղապետի գլխավորությամբ համաձայն չէ Կառավարության վերոնշյալ որոշման հետ, որի դեմ ընդվզել է նաև գյուղապետը, ում, ըստ մամուլում հրապարակված լուրերի, մարզպետարանում ստիպել են հրաժարական տալ, ով էլ որպես բողոք` որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Իսկ իշխանությունը, գյուղապետի նկատմամբ բռնություն կիրառելով, փորձում է կտրել ժողովրդի ձայնը: Էլ ի՞նչ կերպ ժողովուրդն արտահայտի իր անհամաձայնությունը` իրեն «խարակիրի՞» անի, որ լսեք»։ Պատգամավորը խնդրել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ կայացել են արդյոք հանրային լսումներ, ե՞րբ, որտե՞ղ են կայացել այդ լսումները, ովքե՞ր են մասնակցել դրանց, տրամադրել լսումների վերաբերյալ արձանագրություն, որտեղ երևա տարածաշրջանում բնակվողների կողմից հնչեցրած տեսակետները և վերջնական կարծիքը` Քաջարանի համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու մասին:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին ուղղված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի նամակում խնդրվում է տեղեկություն տրամադրել առ այն, թե որքան են կազմում Հայաստանի Հանրապետության տարածքում հանքերի արդյունահանման նպատակով տրված լիցենզիաների համաձայն հանքերի տարածությունները/մակերեսները` ըստ յուրաքանչյուր հանքի համար տրված լիցենզիայում նշված թվերի:
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին ուղղված հարցապնդման մեջ պատգամավոր Սաֆարյանը խնդրել է տրամադրել`Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների համար:





