Հայաստանում ոչ ոք չգիտի, թե կարմիր գրքում գրանցված քանի մուֆլոն, բեզոարյան այծ կամ հովազ կա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ավագ պետական տեսուչ Արթուր Բեգլարյանը՝ հավելելով, որ օրենքով պետք է 5 տարին մեկ թվաքանակը հաշվառվի, բայց չի արվում։
«Կենդանական աշխարհի օբյեկտների հաշվառումը կատարվում է 5 տարին մեկ անգամ, բայց չի կատարվել, քանի որ Կառավարության կողմից գումար չի հատկացվել։ Նախնական հաշվարկներ, տեղական հաշվարկներ կան, բայց դրանք հիմնական փաստաթուղթ չեն»,- ասաց բանախոսը։
Ինչ վերաբերում է հովազներին, Բեգլարյանը նշեց, որ դեռ 2-3 կենդանի ունենք Սյունիքի շրջանում, իսկ բեզոարյան այծերն ու մուֆլոնները նորմալ վերարտադրվում են։





