AM
16 Դեկտեմբեր 2011 - 14:16 AMT

ԶՀԳ-ում ընդունել են Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի նախագահ Ջոնի Հոնին

Դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում է գտնվում Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնը:

Պարոն Ջոնի Հոնին ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին և Հայաստանի տնտեսության հետևյալ ոլորտներին` հանքարդյունաբերություն, բանկային և հեռահաղորդակցություն:

Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ ընձեռվեց հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ պարոն Կորյուն Հակոբյանը և Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն պարոն Արամ Մկրտչյանը:

Կողմերը քննարկեցին ոլորտների ներդրումային հնարավորությունները և գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվեց Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն և հյուրերին տրամադրվեցին Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ, հայտնում է Զարգացման հայկական գործակալության հասարակայնության հետ կապերի բաժինը: