AM
19 Դեկտեմբեր 2011 - 10:16 AMT

Հայաստանում բնակվող 720 հազար երիտասարդների կեսն աշխատանք չունի

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հայաստանի երիտասարդության մասին ազգային զեկույցը» կներկայացվի 2012 թվականի փետրվարին: Ըստ նրա, զեկույցը կօգնի 2012-2017 թթ երիտասարդության վերաբերյալ ռազմավարության մշակմանը:

«Մենք ազգային զեկույց ունեցել ենք 2007 թվականին, սակայն 5 տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և անհրաժեշտություն կար նոր զեկույց կազմելու: 2012 թվականին կառավարությունը նոր ռազմավարություն է ընդունելու, որը հիմնված է լինելու զեկույցի վրա, ու պետական երիտասարդական քաղաքականությունը ավելի ճշգրիտ կլինի» ,- ասել է Քարամյանը:

Ազգային զեկույցի հարցմանը մասնակցել են 1200 երիտասարդներ, որոնցից 506 բնակվում են Երևանում, 339` Հայաստանի այլ քաղաքներում և 351` գյուղերում:

Հայաստանում բնակվում է 720 հազար երիտասարդ, որոնց կեսը գործազուրկ է, աշխատանքով ապահովված է միայն 48,7 %, իսկ 32,6 % տնտեսապես ոչ ակտիվ է: Հարցման համաձայն` Երևանում 4 անձից բաղկացած ընտանիքին լավ ապրելու համար անհրաժեշտ է 515 հազար դրամ, իսկ գյուղում` 191 հազար: 90,9 % քաղաքական ինստիտուտներից վստահում է հայ Առաքելական եկեղեցուն, իսկ 87,1 %` հայկական բանակին:

«Հայաստանում երիտասարդ ընտանիքները չեն ցանկանում երեխա ունենալ, աստիճանաբար մեր հասարակությունը դառնում է ծերացող: Ընտանիքները առնվազն 2 երեխա պետք է ունենան, որ հնարավոր լինի դրանից խուսափել: 76,3 % ընտանք են կազմում մինչև 30 տարեկանը, ինչը լավ ցուցանիշ է» ,- նշել է փոխնախարարը:

Երիտասարդների 38,1 % բավարարված է բուհական կրթությամբ, դժգոհողների քանակությունը ավելի մեծ է: Իսկ ահա 64,4 % ցանկանում է սովորել արտասահմանում: