AM
19 Դեկտեմբեր 2011 - 13:09 AMT

Ձմեռային փառատոն 2011-ի շրջանակներում անցկացվելու է ձմեռ պապերի մրցավազք և օնլայն մրցույթներ

Դեկտեմբերի 24-27-ը Երևանում կանցկացվի Ձմեռային փառատոն Հայաստան 2011-ը։ Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունից։

Փառատոնն այս տարի անցկացվում է 5-րդ անգամ։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնի շրջանակներում անցկացվելու են ավանդական դարձած ձմեռային շքերթը, երաժշտական օրերը, բնապահպանական տոնածառերի ցուցահանդես-մրցույթը և բացօթյա զվարճալի խաղերը։

Դե իսկ Ձմեռային փառատոն Հայաստան 2011-ի նորույթն է օնլայն մրցույթների անցկացումը և ձմեռ պապերի մրցավազքը։

Ձմեռային փառատոնն առանձնանում է բնապահպանական և առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումներով։ Փառատոնը մեկնարկել է Գտիր Կաղանդ Պապին մրցույթով։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին Կաղանդ Պապն այցելել է սրճարաններ և սննդի հանրային վայրեր՝ հղելով առողջ ապրելու բարեմաղթանքներ և պաստառներ հանձնել չծխելու վայրերում։ Օնլայն մրցույթի ավելի քան 90 մասնակիցներ ստացել են խաղարկության կտրոններ։ Խաղարկությունը տեղի կունենա փառատոնի օրերին։

Ձմեռային փառատոն Հայաստան 2011-ի նպատակն է ուրախ և տոնական տրամադրություն ստեղծել, նպաստել ձմեռային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։ Փառատոնն անցկացվում է 2007-ից «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության նախաձեռնությամբ և «Կանաչաստան» ՀԿ-ի աջակցությամբ։