Հայաստանի նախագահը այսօր ստորագրել է խորհրդարանի ընդունած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի համաձայն առանձապես ծանր հանցագործությունների համար ցմահ բանտարկության դատապարտված անձինք զրկվում են ներման իրավունքից: Ինչպես ավելի վաղ հայտարարել էին այդ օրինագծի նախաձեռնողները` «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ներկայացուցիչները, փոփոխությունները պատրաստվել են առաջին հերթին այն նպատակով, որ 1999 թվականի հոկտեմբերին հայկական խորհրդարանում ահաբեկչական գործողություն կատարած հանցագործները չկարողանան հավակնել վաղաժամկետ պայմանական ազատման: Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին վախճանվել են երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ, նախարար եւ երեք պատգամավոր: Նշենք նաեւ, որ ահաբեկչության հինգ անմիջական մասնակիցներին մեղադրող կողմը կոչ է արել դատապարտել ցմահ բանտարկության:





