AM
20 Դեկտեմբեր 2011 - 09:22 AMT

2011 թվականին շտապ բուժօգնության կանչերի թիվն ավելացել է 9.6 տոկոսով

2011 թվականի 11 ամիսների ընթացքում շտապ բուժօգնությունը 13 332-ով ավելի շատ է կանչ ստացել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ տարբերությունը շուրջ 9.6 տոկոս է։

«Եթե անցած տարի ունեցել ենք 14 3061 կանչ, ապա այս տարի սպասարկել ենք 156 393-ը։ Հիմնական տեղը զբաղեցնում են սրտանոթային հիվանդությունները, վնասվածքները, որոշ վիրուսային հիվանդություններ։ Լինում են նաև անարդյունավետ կանչեր՝ ամսական 200-300 դեպք, երբ բժիշկը տեղ է հասնում, ասում են այլևս կարիք չկա, կամ մեր հիվանդն իրեն արդեն լավ է զգում»,- վիճակագրությունը ներկայացրեց բանախոսը։

Նա նշեց, որ իրենք օրական սպասարկում են 500-560 կանչ, սակայն ընդամենը 100-ն են հոսպիտալացվում։ Թագուհի Ստեփանյանը հորդորեց իրենց ծառայություններին դիմել միայն ծայրահեղ պայմաններում և ավելի հաճախ օգտվել պոլիկլինիկաների ու ընտանեկան բժիշկների ծառայություններից։