AM
22 Դեկտեմբեր 2011 - 08:52 AMT

Մամուլյան. Հայերն Ամանորին սեղանին դրել են ոչ թե խոզի բուդ, այլ լցոնած թռչուն

Ամանորյա սեղանին խոզի բդի փոխարեն հնում հայերը դրել են ամիճ կերակրատեսակը՝ լցոնած հավ, հնդկահավ կամ այլ խոշոր թռչուն։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ հավելելով, որ սեղաններին գերիշխել են նաև տարբեր տիպի պասուց տոլմաները, շատ մրգեղեն, չրեղեն, անուշապուր, մայրամապուր, չամչարակ, իսկ սեղանի զարդը եղել է ավանդական տարեհացը։

«Տարեհացը՝ միջինգով, երբ ամբողջ գերդաստանով հավաքվել են, և ում ընկել է միջի հատիկը, հենց նրանից են հաջորդ տարում հաջողություն ակնկալել»,- ասաց բանախոսը՝ միաժամանակ նշելով, որ ԽՍՀՄ ժամանակից մնացած մրցակցությունը կամաց-կամաց դուրս է մղվում, քանի որ այսօր կարելի է զարմացնել միայն սեղանի համեստությամբ ու ազգայնությամբ։ Ասուլիսի մյուս բանախոս ազգագրագետ Գոհար Ստեփանյանը նշեց, որ ձմեռային Նոր տարին ընտանեկան տոն է, և բնականաբար, հենց սեղանն է եղել առանցքում՝ խնջույք, կենացներ, նվիրատվույթուն։

«Ձմեռային Ամանորի 3 հիմնական գործողություններն են տոնական ուտեստի պատրաստումն ու ճաշակումը, տան մաքրումը, նորոգումն ու զարդարումը, իսկ երրորդ անքակտելի մասը շնորհավորական այցելություններ էին, շնորհավորական ուղերձները»,- նշեց ազգագրագետը։