Յուրաքանչյուր տարի երևանյան թատրոններում Ամանորին ընդառաջ մանկական ներկայացումներ են բեմադրվում։ Ներկայացումների թեմաները կարող են լինել ամենատարբեր, բայց բոլորի համար էլ պարտադիր է վերջում Ձմեռ պապի, Ձյունանուշի ու տոնածառի հայտնվելը բեմում, որոնք շնորհավորում են երեխաներին ու նրանց ծնողներին և մաղթում հեքիաթային տարի, և որ բարին միշտ հաղթի չարին։
Այս տարի ևս թատրոնները նախապատրաստվել են մանուկներին տոն պարգևելուն։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, օրինակ, բեմադրվելու է «Գնդիկ բոքոնիկ» ներկայացումը։ Թատրոնի դերասաններն այն մանուկներին կներկայացնեն դեկտեմբերի 25-28-ին և հունվարի 3-8-ին` օրական 4 անգամ։ Ներկայացումն, իհարկե, կլինի ռուսերեն, իսկ տոմսն արժե 500 դրամ։
Իսկ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները դեկտեմբերի 26-30-ը և հունվարի 3-8-ը կներկայացնեն «Ալի Բաբան և 40 ավազակները» ներկայացումը։ Թե օրական քանի անգամ, թատրոնի ղեկավարությունը դեռ չի որոշել, իսկ տոմսերը կարժենան 600 դրամ։
Ինչպես միշտ, այս տարի ևս Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայանում է նոր հեքիաթ-ներկայացմամբ` «Ճշմարիտ արքայադուստր»։ Այն կխաղարկվի դեկտեմբերի 25-ից հունվարի 10-ը` օրական 3 անգամ։ Տոմսերը կարժենան 600 դրամ, իսկ Ձմեռ պապը ներկայացման մեջ կհայտնվի ոչ թե միայն վերջում, այլ մի քանի անգամ` առանցքային, որոշիչ պահերին։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ից օրական 3 անգամ կներկայացնեն «Մեծ անտառի զավակները», որտեղ բացի կենդանիներից, Ձմեռ պապից ու Ձյունանուշից կարևոր դերակատարում ունի նաև գալիք տարվա խորհրդանիշն ըստ արևելյան հորոսկոպի` վիշապը։ Եվ, իհարկե, այստեղ նույնպես բարին կհաղթի չարին։ Տոմսերի արժեքը` 600 դրամ։
Ամենաթանկն այս տարի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվող Հովհաննես Թումանյանի «Ոսկե քաղաք» ներկայացման տոմսերն են` 700 դրամ։ Թատրոնի տնօրեն Կարապետ Շահբազյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հեքիաթը փոփոխությունների չի ենթարկվել, քանի որ չի կարելի Թումանյանի հեքիաթը աղավաղել. «Վերջում բարին կհաղթի, և կգա Ձմեռ պապը»։





