AM
23 Դեկտեմբեր 2011 - 05:23 AMT

Պետք է ունենալ հարգանք դիմացինի նկատմամբ, անկախ նրանից, համաշխարհային մեծություն ես, թե տեղական հայտնություն

Երեկ` դեկտեմբերի 22-ին Vitamin ակումբում տեղի ունեցավ Dorians հայկական ռոք խմբի անդրանիկ ձայնասկավառակի շնորհանդեսը:

Մինչ այդ խումբը լրագրողների նախորորք հավատարմագրմամբ կազմակերպել էր մամլո ասուլիս: Լրագրողները հավաքվել էին ճիշտ ժամանակին, սակայն խումբը` ոչ:

10 րոպես սպասելուց հետո սկսվեցին լրագրողների առաջին վրդովմունքները: Առաջին անգամ, երբ հարց բարձացվեց, թե երբ է սկսվելու ասուլիսը, ոչ մի պատասխան չստացվեց: Երկրորդ անգամ հարցնելուց հետո ստացվեց «հեսա գալիս ա, սկսենք» արտահայտությունը: Եվս հինգ րոպե հետո սրահում ներկաներից մեկին նույն հարցը, տրվեց, ով էլ ասաց, որ ոչ մեկին չի ճանաչում: Պարզվեց, որ նա խմբի երաժիշտներից մեկն է: 25 րոպե անց հայտնվում է խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, ով հայտարարում է, որ լրագրողները սխալ տեղ են նստել: Երբ ասուլիսի սկվելու հարցը ուղղվեց նաև նրան, նա հարցրեց լրագրողի աշխատանքի վայրը, և արդյոք նա հավատարմագրված է ասուլիսին (որպես կանոն լրագրողներին հավատարմագրում են պետական մաշտաբի միջոցառումներին, կամ միջոցառումից առաջ պարզապես գրանցում են):

Այնուամենայնիվ ասուլիսը սկսվեց, լրագրողները պարզեցին իրենց համար անհարժեշտ տվյալներն ու հարցերը: Ասուլիսի ավարտից հետո, երբ լրագրողները չէին հասցրել աթոռներից վեր կենալ, ակումբ ներխուժեց երկրպագուների բանակը: Հիշեցնենք, որ Dorians խումբն ունի ընդամենը 3 տարվա պատմություն: Նրանք, իհարկե, սիրված են Հայաստանում, ունեն երկրպագուներ: Խմբի մենակատար Գոռ Սուջյանի լավ ձայնային տվյալների մասին էլ բոլորը գիտեն: Սակայն դա չի նշանակում, որ խումբը պետք է նման կերպ իրեն պահի այն մարդկանց հետ, ովքեր պրոպագանդում և տեղեկացնում են նրանց մասին:

Այս տարի Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ բազմաթիվ մարդիկ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընթացքում հյուրընկալվել էին աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը, ում հետ հանդիպեցին բոլոր ցանկացողները, առանց որևէ հավատարմագրման կամ նման այլ ֆորմալ բաների: Նա եկավ ճիշտ ժամանակին: Նույնն էլ կարելի է ասել հունգարացի աշխարհահռչակ կինոռեժիսոր Բելա Տարի մասին: Աշխարհահռչակ երաժիշտներ Պինխաս Ցուկերմանը և Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շատ քիչ սպասեցրեցին լրագրողներին, որովհետև կա պարզ հարգանք դիմացինի նկատմամբ:

Ինչ եք կարծում, իրավունք ունի Dorians-ը կամ մեկ այլ խումբ կամ երգիչ նման կերպ իրեն պահի, երբ նրանք ամենից շատը պրոպագանդման կարիք ունեն: Հետո էլ լրագրողներին կոչ է արվում լինել անաչառ: Ես էլ կարծում եմ, որ անարդար չէ գրել իմ և գործընկերներիս հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին: