Բնական սոճիները չեն կարող վնասակար լինել առողջությանը, քանի որ ծառը հարուստ է եթերային յուղերով և դրանից բազմաթիվ դեղամիջոցներ են ստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով բնական սոճիների վնասակարության վերաբերյալ պտտվող լուրերին, այս մասին ասաց քաղաքապետարանի ֆիտոդիզայներ Դոնարա Կոստանյանը:
«Տանը սոճի ունենալ, նշանակում է ունենալ կանաչ դեղատուն: Սա համեմատել կասկածելի արտադրության, կասկածելի բաղադրությամբ արհեստական եղևնիների հետ պարզապես անհեթեթ է»,- մանրամասնեց բանախոսը:
Նա նշեց, որ բնության մեջ կա 2 հիմնական բույս` սոճիներ և կաղնիներ, որոնք ունեն ամենամեծ էներգետիկ դաշտը: Սոճու դրական դաշն ու էներգետիկան այնքան հզոր է, որ կտրելուց հետո դեռ 2 ամիս պահպանվում է: Ի տարբերություն սոճիների, եղևնիները կարող են բացասական ազդեցցություն ունենալ տան մթնոլորտի վրա:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի անտառներում չկան եղևնիներ, իսկ սոճիները արհեստականորեն տնկված են. «Մինչև 2003 թվականը սոճիները հատվում և վաճառվում էին, բայց արդեն 7-8 տարի է չեն հատվում ու չեն վաճառվում»:
Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումների համար նախատեսված պատիժներին, ապա դրանք, ըստ Պետրոսյանի, կախված են Կարմիր գրքում ընդգրկված լինել-չլինելուց և ծառի բնի տրամագծից: Եթե արհեստական տնկված ծառեր են, ապա դրանց դեպքում տուգանքը բազմապատկվում է 5 անգամ, իսկ եթե ընդգրկված են Կարմիր գրքում` 10:





